Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մարտադաշտում մեկն էլ հայ զինվոր էր

Մարտադաշտում մեկն էլ հայ զինվոր էր
29.07.2023 | 10:05

Հարևանուհուս եղբոր դին է եկել Ուկրաինայից. ռուս-ուկրաինական պատերազմի զոհ:

Ինչպե՞ս, նա կամավոր չէր, ոչ էլ զինապարտության տարիքի էր, ոչ էլ՝ երկրի քաղաքացի էր:

Երեք տարի էր՝ բանտում էր՝ խանութում զազրախոսող ադրբեջանցիներին ծեծելու համար: Երկու տարուց կազատվեր:

Զելենսկին օրենք էր հրապարակել՝ կալանավորներին մարտի դաշտ քշելու, պայմանով, որ ազատ կարձակի նրանց:

Տղան ծնողներին գրել էր՝ գնում եմ, որ ազատ արձակեն, կարողանամ գալ Հայաստան, սիրտս պայթում է, որ հեռվից տեսնում եմ թուրքն ինչեր է անում երկրիս հետ...

Տղան զոհվել է՝ ամենևին չուզենալով ուկրաինացու կողմից ռուսի դեմ կռվել, այլ որ՝ ազատվեր անարդար կալանքից, գար հայրենիք, թուրքի դեմ զենք առներ:

44-օրյա պատերազմի օրերին տասնյակ նամակներ էր գրել, խնդրել բանտի ու երկրի ղեկավարությանը, որ ազատ արձակեն իրեն, իր հայրենիքը կենաց-մահու կռիվ է տալիս, ինքը պետք է այնտեղ լինի... Մերժել են:

Սա ընդամենը մեկ հայի ողբերգություն է, որն ինձ շատ տխրեցրեց. հիշեցի մանկության տարիներին մեր տան կարդացվող գրքերից մեկը՝ «Մարտադաշտում մեկն էլ զինվոր է», երեխեքով ձեռքից-ձեռք էինք խլում, ով շուտ հասներ, ինքն էր կարդում:

Հազար տարի է՝ մոռացել էի այդ թանկ գրքի մասին. դժվար ճակատագրով զինվորի մասին էր՝ սա եմ հիշում:

Իր թարգմանությամբ գիրքը հորս էր նվիրել Արտաշես Քալանթարյանը՝ Սևակի հետ 1964-ին այցելելով մեր տուն:

Մարտադաշտում մեկն էլ հայ զինվոր էր...

Սուսաննա Բաբաջանյան



Դիտվել է՝ 3562

Մեկնաբանություններ